Արգենտինան պաշտոնապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գործող ղեկավար Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
Գրոսին նախկինում խոսել էր այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Արգենտինայի ԱԳՆ-ն գնահատել է նրա ակնառու կարիերան, որը տևել է ավելի քան չորս տասնամյակ դիվանագիտական կորպուսում։ Նշվում է, որ Գրոսիի հիմնական նվաճումներն ուղղված էին միջազգային խաղաղության և անվտանգության խթանմանը՝ բաց և արդյունավետ կառավարման միջոցով, ինչը տվել է շոշափելի արդյունքներ։
«Նրա խորը գիտելիքները բազմակողմ համակարգի մասին և դիվանագիտական երկխոսությունը խթանելու կարողությունը, նրա ապացուցված արդյունավետությունը հակամարտության և լուրջ միջազգային ճգնաժամերի իրավիճակներում որպես անաչառ և արդյունավետ զրուցակից, նրա տեխնիկական կարողությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ նվիրվածությունը, նրան դարձնում են ակնառու թեկնածու՝ կատարելու գլխավոր քարտուղարի այն պարտականությունները, որոնք այսօր պահանջված են աշխարհի համար», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։



