Արգել բնակավայրի բնակիչներն ահազանգում են, որ...

Shamshyan.com-ը հայտնում է, որ  բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Արգել բնակավայրի բնակիչներից, ովքեր  իրենց զայրույթն են հայտնում, որ մի քանի օր է՝ գլխավոր փողոցներից մեկում մոտ 2 կմ հոսում է կեղտաջուրը ու ո՛չ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, ո՛չ էլ «Վեոլիա ջուր»-ը չեն բարեհաճում խնդիրը լուծել։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին․

«4 օր է՝ էս ահավոր վիճակն ա։ Մեռանք Նոր Հաճնի քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր» զանգելով։ 2 տեղից էլ ոչ մի դրական պատասխան։ Եթե «Վեոլիա ջուր»-ն ասում է՝ խնդրին տեղյակ ենք, հնարավորության սահմաններում կմոտենանք, ապա Նոր Հաճնի քաղաքապետարանից 1-2 անգամ պատասխանել են, թե տեսնենք էդինչ հաշիվ ու դրանով իրենց գործը քաղաքապետը համարել է ավարտած, մինչ դեռ ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն, հոտը 100 մետր հեռավորությունից անգամ խեղդում է։ Հետաքրքիր է, քաղաքապետ կոչեցյալ անձը, որ մեր, հարկատուներիս հաշվին է իր թափանը լցնում, մտածելու ունակություն ունի, թե ինչ խոլերիայի վտանգ է առաջացնում։ Չգիտենք էլ հերթական անգամ այդ «մեծն» քաղաքապետին եթե դիմենք, օգուտ կտա՞։

Վստահ ենք՝ ոչ մի օգուտ։ Նա երևի ժամանակ չունի մի ամբողջ բնակավայր փրկել էս կեղտից։ Կարդարանա, թե դա իր ֆունկցիան չի, դա պետք է «Վեոլիա ջուր»-ը անի, դա մենք էլ շատ լավ գիտենք, բայց քո գործառույթների մեջ է մտնում նաև այն, որ գոնե մի անգամ էս արտակարգ իրավիճակ հայտարարված մի քանի օրերի ընթացքում մի ժամ էլ չբարեհաճեցիր գաս ու տեսնես մեր վիճակը։ Ասում են քաղաքապետը էս օրերին զբաղված է իր տղաների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կազմված գործերի ընթացքով։ Երևի նրա աչքին միայն երևում է իր փափկասուն բալեքը, բա էս գյուղի հազարավոր բալեքը ինչի պետք է ձեր ու «Վեոլիա ջրի» անտարբերության պատճառով գարշահոտություն շնչեն։ Կեղտաջուրը լցվում է բակեր, տան նկուղներ, իսկ Նոր Հաճնի «մեծն» քաղաքապետը երևի ոչ միայն բալեքով, այլ նախատոնական եռուզեռուվ է զբաղված։ Ամոթ է, էս դարում նման պատկեր ու դա առաջին հերթին Նոր Հաճնի քաղաքապետարանի և «Վեոլիա ջրի» մեղավորությունն է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներից մի քանիսը ասում էին, որ նման խնդիր ամառն էլ է եղել ու այդ ժամանակ խոստացել էին, որ հիմնովին կոյուղատարերն ու դիտահորերը կփոխվեն, սակայն այդտեղ էլ «քամի» դուրս եկան։