Մամուլում օրերս հրապարակումներ հայտնվեցին, որ ԱՄՆ-ն հուսախաբ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցում։ Ըստ Հրապարակ օրաթերթի, Փաշինյանի արագընթաց գահավիժող վարկանիշը ԱՄՆ իշխանություններին ստիպել է Երևանի դեսպանատան միջոցով գտնել հարմար թեկնածուների, որոնք իրավիճակի փոփոխության դեպքում կկարողանան փոխարինել Փաշինյանին։ Ըստ մամուլում հայտնված լուրերի, հենց այս ծրագրի շրջանակում է ակտիվացել դեսպանատան ներկայացուցիչների, ԱՄՆ շահերը Հայաստանում ներկայացնող կազմակերպությունների ակտիվ հանդիպումներն ու համագործակցությունը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։

Արդարության համար պետք է նկատել, որ ԱՄՆ իշխանությունները երբեք էլ դրական կարծիք չեն ունեցել Նիկոլ Փաշինյանի մասին։ Վիկիլիկսի բացահայտված փաստաթղթերը ապացուցում են, որ դեռ տարիներ առաջ ԱՄՆ Պետական դեպարտամենտ ուղարկվել են համապատասխան զեկուցագրեր, որոնք բնորոշել են Նիկոլ Փաշինյանին։ Ըստ այդ զեկուցագրերի Նիկոլ Փաշինյանը անհավասարակշիռ գործիչ է և ղեկավարում է մի լրատվամիջոց, որը հայտնի է սկանդալային չփաստարկված պատմություններ հանրայնացնելով։ Խոսքը Հայկական Ժամանակ օրաթերթի մասին է։
Ակնհայտ է, որ հենց իշխանափոխության սկզբից ԱՄՆ համապատասխան կառույցները տեղյակ են եղել, թե ով է Փաշինյանը։ Ակնհայտ է, որ նման գործիչը չէր կարող հաջողություններ արձանագրել։
Արևմտյան կառույցները Փաշինյանին փոխարինողի փնտրտուքի մեջ են 2018 թվականից սկսված։ Այս պահին, ըստ ամենայնի, փոխարինող թեկնածուների ցանկը, որոնք ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը չի սահմանափակվում միայն Տիգրան Ավինյանով։ Վերջինիս աջակցում է Սորոսի գրասենյակը, իր տեղական գործընկեր կազմակերպություններով։ Ավինյանը խնդիր ունի վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողի համար սահմանված տարիքային ցենզի հետ, բայց ըստ որոշ աղբյուրների նոր սահմանադրական փոփոխություններով այց հարցը հնարավոր է փոխվի։
Մեկ այլ թեկնածուի՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար իր արևմտյան կապերն է գործի դրել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը։ Նրանք հենց սկզբից Արսեն Թորոսյանի համար փորձում են բարենպաստ պայմաններ ստեղծել։ Թորոսյանը իրենց վաղեմի թիմակիցն է և կողմնորոշմամբ արևմտամետ։ Տեր-Պետրոսյանի թիմին, այս հարցում օգնում է նաև վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։



