Արդյունաբերության ոլորտի ցածր ցուցանիշներն ան...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում արդյունաբերության ոլորտի ցածր ցուցանիշներն անհանգստացնող են։

«Այն զսպողական քաղաքականությունը, որը վարում էր և վարում է ՀՀ կենտրոնական բանկը, որպեսզի գնաճի դեմ պայքարն արդյունավետ լինի, հանգեցրել է մեր արտահանողների համար պայմանների վատացման՝ դրամի արժևորման հետևանքով: Դա հանգեցրել է արդյունաբերության ճյուղերի չաճելուն»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ տնտեսությունը «բավականին արագ է զարգանում», բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի:

Բացի այդ, նրա խոսքով, տեխնոլոգիական վերափոխման արդիականացման ընթացքում որոշակի ժամանակ է հարկավոր, որ ընկերություններն իրենց նոր սարքավորումների, նոր հոսքագծերի արդյունքը տեսնեն:

«Արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման համար գործող լիզինգի ծրագրերով մոտավորապես 250 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում: Այդ ծավալն, անշուշտ, իր արդյունքը կտա»,- ասաց Քերոբյանը՝ վստահեցնելով, որ արդեն հաջորդ տարի արդյունաբերության ոլորտում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն: