Արդյո՞ք այս տիպի փոփոխությունները ընտրություն...

Եթե չեմ սխալվում, այսպիսի նորմ կա, արդյո՞ք այդ տիպի փոփոխությունները չպետք է արվեն ընտրություններից մեկ տարի առաջ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, ԱԺ–ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող ՔՊ–ական Արուսյակ Ջուլհակյանին հարց ուղղեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ի պատասխան Ջուլհակյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին եք դուք խոսում թերևս։ Վենետիկի հանձնաժողովը ունի մի ուղեցույց, որը կոչվում է ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք, և այդ ուղեցույցը ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը: Դրանք են՝ տնտրական կարգը, այսինքն համամասնական, թե մեծամասնական, երկրորդը ընտրական հանձնաժողովներում անդամության առնչվող հարցերը, և երրորդը, ընտրատարածքների, սահմանների փոփոխությունները։

Այսինքն Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես հենց ֆունդամենտալ տարրերին։ Ընդ որում ասում է ցանկալի չէ, ոչ թե արգելում է փոփոխություն, այլ ցանկալի չէ և այդ տեղ մի շարք պայմաններ է նախատեսում, թե որ դեպքում կարող է նույնիսկ այդ ֆունդամենտալ տարրերը փոփոխության ենթարկվեն։

Ես ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով։ Ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։