Արդեն 60 օր է արցախը շրջափակված է․ բացի հումա...

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսվել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի:

«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ: Մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ: Այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում տեղի են ունենում այլազան իրադարձություններ, ասենք, օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը հասնում է 70 տոկոս, հետո իջնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ, և այսպես շարունակ: Նման վայրիվերումները կարող են տեղի ունենալ օրվա մեջ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Ընդ որում՝ սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն:

Նա ավելացրեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների:

«Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը: Քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամ: Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական աղետի վերածվելու պոտենցիալ ունի»,- ասաց Փաշինյանը: