Մի քանի ժամ առաջ մենք հրապարակել էինք լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Ստեփանակերտ են մտել։ Ամբողջ զորքը մտավ Ստեփանակերտ, որտեղ նախապես արդեն 14 տարեկանից բարձր տղաներին, ում գտել հավաքել են, տարել են։ Կանանց, ծերերին ու երեխաներին չեն խնայելու»։ Վստահ չէինք, որ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ուստի փորձեցինք մեր աղբյուրներից այն ճշտել։ Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում ասաց․ «Ստեփանակերտի որոշ թաղամասերում են արդեն ադրբեջանցիները, 14 տարեկանից սկսած տղամարդկանց են հավաքել ու տարել»։ Նա նշեց, որ Եվլախում բանակցություններին զուգահեռ թշնամին հարձակում է սկսել քաղաքացիական օբյեկտների նկատմամբ։ «Խոշտանգումների հետ կապված բավականին շատ դեպքեր ենք արձանագրել։ Ես էլ եմ տեղեկատվություն ստացել մի քանի տարբեր աղբյուրներից, նույն ձեռագիրն է՝ ցեղասպանական։ Իմ ունեցած տվյալներով, երկու երեխայի գլխատել են ադրբեջանցիները»,-ասաց Ավանեսովը։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Արցախցի Լիլիթ Բզնունին էլ մեզ տեղեկացրեց, որ իր մտերիմն Արցախից իրեն տեղեկություն է փոխանցել այն մասին, որ մոր աչքի առաջ ադրբեջանցիները գլխատել են նրա երեք մանկահասակ երեխաներին։ «Մարդիկ սարսափելի վիճակում են, չեն կարողանում թաղել իրենց հարազատներին՝ մարմինները սկսել են քայքայվել»,-ասաց Բզնունին։
Հերմինե Խաչատրյանը, ով այս պահին գտնվում է Ասկերանի ռուս խաղաղապահների ապաստարանում, ասաց, որ Ասկերանից գլխատված մի զինվորի մասին տեղեկություն ունի։ Նահատակված հերոսի անունն է Ռազմիկ Խաչատրյան։ «Պայքարել է մինչև վերջ»,-ասաց Հերմինեն։