Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահեն Էնֆիաջյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը փորձում են դարձնել հակահեղափոխության օջախ, ասաց.
«Արցախը անկախ հանրապետություն է, և այն, ինչ որ տեղի է ունենում այնտեղ, մենք հետևում ենք բնականաբար մեծ ուշադրությամբ, բայց նմանատիպ ձևակերպումներից պարզապես զերծ կմնամ»:
Ըստ Էնֆիաջյանի՝ Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի հետ կապված բոլոր քայլերի և գործողությունների հետ կապված պետք է լինենք չափազանց ուշադիր, և զերծ մնանք քաղաքական մեկնաբանություններից և միջամտություններից, որովհետև բոլոր ինստիտուտցիոնալ գործիքակազմով այդ հանրապետությունը կա և գործում է:
Իսկ վարչապետի հայտարարության՝ քաղաքական միջամտության փորձ լինելու մասին ԱԺ փոխնախագահն ասաց, որ Փաշինյանն ինքը կմեկնաբանի, թե իր այդ հայտարարությամբ ինչ միտում ունի:



