Արցախի ու Հայաստանի հետ կատարված ողբերգության...
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին գրում է․
Տեսա, որ երեկվա իմ հաղորդումներից մեկը խորապես դիպել է Սերժ Սարգսյանի փեսա, մինչև 2018 թվականի նոյեմբերը Նիկոլ Փաշինյանի մոտ դեսպան աշխատած, Արման Բաբաջանյանի մտերիմ դասընկեր, Արարատ Միրզոյանի կուրսընկեր, «Հայկական ժամանակ»-ի երկար տարիների ֆինանսավորող Միքայել Մինասյանին։
Անկեղծ ասեմ՝ տեսարանը դաժան էր։ Մի ժամանակ ամենակարող, ամեն ինչ վերահսկող և ամեն ինչ իմանալու պատրանք ստեղծած մարդը այսօր դարձել է սեփական էմոցիաների գերին։ Երկար ու նյարդային տեքստ է գրել՝ փորձելով հերքել ակնհայտը՝ իր և Նիկոլ Փաշինյանի սերտ կապը։ Բայց դա արդեն ուշացած ու անիմաստ փորձ է։ Մարդիկ ամեն ինչ տեսել են՝ փաստերով, ժամանակագրությամբ, հետևանքներով։
Ես միշտ հենվում եմ փաստերի վրա։ Իսկ փաստը, ինչպես հայտնի է, պատ է ծակում։
Արդեն ակնհայտ է՝ դուք մասնակցել եք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև նրա թիմակիցների մեծ մասի ձևավորման ու «աճեցման» գործընթացին։ Չեմ կարծում, որ դուք եք Նիկոլին «բերել» իշխանության։ Այդքան մեծ կարծիք չունեմ ձեր դերակատարության մասին։ Դուք պարզապես գործիք եք եղել նրանց ձեռքին, ովքեր Նիկոլին բերեցին և օգտագործեցին։ Բայց գործիք լինելը չի ազատում պատասխանատվությունից։
«Երբ լռում էի, ոսկորներս քայքայվում էին իմ ամբողջ օրվա հառաչանքից»։
(Սաղմոս 31:3)
Ձեր այսօրվա էմոցիոնալ պոռթկումը լիովին հասկանալի է։ Արցախի ու Հայաստանի հետ կատարված ողբերգության մեջ ձեր բաժինը ծանր է։ Դուք պարզապես չէիք պատկերացնում, որ ձեր ստեղծած կադրերը այսքան հեռու կգնան, այսքան ավերիչ կլինեն պետության ու ժողովրդի համար։ Մեղքի գիտակցումն ու դրա մասին պարտադրված լռությունը ներսից են քայքայում մարդուն։ Սա հոգեբանական չէ միայն՝ սա հոգևոր օրենք է։
Ճշմարիտ հավատը այլ ճանապարհ չի թողնում, քան ապաշխարությունը։
Քաջություն ունեցեք ասել այն ամենը, ինչ գիտեք Նիկոլ Փաշինյանի մասին։ Ազատվեք այդ բեռից։ Թույլ տվեք, որ Նիկոլին դեռ հավատացող մեր միամիտ ժողովուրդը դուրս գա մոլորությունից։ Վստահ եղեք՝ ձեզ համար միակ փրկության ճանապարհը խոսելն է։ Դա ես չեմ ասում։ Դա ասում է Աստվածաշունչը։
Վերջապես մի կողմ դրեցիք դիմակը
Արձանագրենք, որ ձեր ամբողջ մաղձն այսօր ուղղում եք նախագահ Քոչարյանի դեմ։ Մի մարդու, ով 10 տարի կարողացել է ապահով պահել երկրի անվտանգությունը։ Մի մարդու, ով 2008-ին կամային որոշմամբ հրաժարվեց պետությունը ապօրինի ճանապարհով հանձնել Նիկոլին ու նրա տերերին։ Մի մարդու, որի դեմ դուք և ձեր շրջապատը դեռ 2007-ին ԱՄՆ դեսպանատան դռներն էիք մաշեցնում։ Մի մարդու, որի դեմ 2008-ից սկսած համակարգված տեղեկատվական ահաբեկչություն իրականացրեցիք, որպեսզի երբ գա ժամանակը և դուք ստիպված լինեք ընդունել ձեր սխալ, իսկ Նիկոլի ճիշտ լինելը՝ նա այլևս ի վիճակի չլինի կանգնեցնել ձեր իսկ ստեղծած աղետը։
Լավ է, որ այսօր այլևս ձևական բարեկամ չեք խաղում։
Իսկ վերջում՝ մինչև ապաշխարությունը, խորհուրդ կտամ գիշերները քնելուց առաջ մագնեզիում խմել։ Գուցե բնական ճանապարհով մի փոքր թեթևանա այն ծանրությունը, որը վաղուց է նստած ձեր խղճի վրա։
Հ․Գ․ Ի դեպ, ես եկել եմ այն համոզման, որ շատ դեպքերում մենք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին (ով մեծ վաստակ ունի այս պետության առաջ՝ ի տարբերություն ձեզ) մեղադրում ենք այն բաների համար, որոնք իրականում դուք եք արել։