Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպել է Ազգա...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար՝ հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար: