Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հունիսի 13-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։
Ինչպես հայտնում են Արցախի ազգային ժողովից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտությանը:
ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:
Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:
ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո: