ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում փոփոխություն կատարեց պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագրում՝ եռամսյա ծրագիրը դարձնելով 6 ամսյա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից: Նրա խոսքով, յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով նրանք ստանում են 45 հազարական դրամի չափով աջակցություն:
«Ամսական կտրվածքով աջակցություն է ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկլում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այս ծրագրում ընդգրկված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Բացի այս ծրագրից արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում: Այդ մասով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որոնց ծախսերը նորից պետությունն է հոգում»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Հայաստանում եւ Արցախում այն քաղաքացիների մասին է, որոնք հյուրընկլել են բնակարանից զրկված արցախցիներին: