
Արցախցիների կենսական խնդիրները կունենան հստակ ու արդյունավետ լուծումներ։ Այս մասին իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Հոկտեմբերի 8-ին խորհրդակցություն անցկացրի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների, ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենների, մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, ՀՀ ՆԳ նախարարության անձնագրային ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Խորհրդակցության սկզբում ներկայացրի ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակը, ապա անդրադարձա այդ խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների համար սահմանված լիազորություններին, որոնք շաղկապվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների կազմակերպման, ի հայտ եկած խնդիրների վերհանման, դրանց արձանագրման և տարբեր գերատեսչություններ ներկայացնելու միջոցով լուծում տալու գործընթացներին։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն արդեն ունեն աշխատասենյակներ։ Նրանք այժմ կապող օղակ են հանդիսանում պետական մարմինների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների միջև, որպեսզի վերհանվեն նրանց հուզող բոլոր խնդիրները, մեկառմեկ քննարկվեն ու ներկայացվեն կառավարության ու պատկան մարմինների ուշադրությանը՝ դրանց լուծում տալու նպատակով։
Միաժամանակ հասարարակական խորհրդի անդամները կարող են համայնքապետարանների հետ համագործակցությամբ կազմակերպել հանդիպումներ կամ քննարկումներ՝ պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի իրազեկման նպատակով կամ այլ կարևոր ու առաջնահերթ խնդիրների դեպքերում։
Հասարակական խորհրդի ներկայացուցիչները մշտապես պետք է կապի մեջ լինեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ՄՍԾ տարածքային կենտրոնների, անձնագրային բաժինների հետ՝ վեր հանվող ամեն մի խնդրի ներկայացման ու քննարկման նպատակով։ Ու վստահ եմ, որ մեր համատեղ ու հետևողական աշխատանքը կտա ցանկալի ու տեսանելի արդյունք։
ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները հասցեներով փոխանակվեցին ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենների, մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, ՀՀ ՆԳ նախարարության անձնագրային ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ մշտական ու հետևողական աշխատանք ծավալելու նպատակով։
Մենք պետք է հասնենք նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները սկսեն ապրել միանգամայն բնականոն կյանքով, մինչև վերջ ինտեգրվեն մեր հասարակությանը, տուն ու աշխատանք գտնեն մեր մարզում։ Գեղարքունիքի մարզն ունի գյուղատնտեսական, զբոսաշրջային, շինարարական աշխատանքների մեծ պոտենցիալ, որտեղ իրենց արժանի տեղը կարող են գտնել մեր հայրենակիցները, իհարկե, ՀՀ ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների ու մեր գործադրելիք համատեղ ջանքերի շնորհիվ»։