Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհու...

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը:

«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը և իրենց դիրքորոշումը:

Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն 2 ամսով երկարացնելու են 40 հազարով աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը: Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը որոնք բարելավման կարիք ունեն, նրանք ընդունել են դրանք»,- ասաց նա:

Իսկանդարյանը նաև նշեց, որ միևնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում, և խնդրել են իրենց կարծիքը և իրենք էլ ներկայացրել են իրենց ծրագրերը:

«Առաջիկայում համատեղ աշխատելու ենք և 10 օրվա ընթացքում Խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարած աշխատանքի մասին, որից հետո մեր հայրենակիցները կգնահատեն մեր աշխատանքը, և եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքը անելու, մենք կաշկանդված չենք և գնալու ենք այդ քայլին:

Ինչ վերաբերում է խորհրդի հետագա գործունեությանը գիտեք, որ նախագահ Շահրամանյանը առաջարկել է Արցախի ներկայացուցչությունում շարունակել գործունեությունը, գիտեք նաև որ ունենք լուրջ ֆինանսական խնդիրներ: Կարծում եմ՝ մենք կորոշենք մեր հետագա գործառույթը իրականացնել ներկայացուցչությունից»,- ասաց նա: