
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գլոբալ համաժողովին, որը կայացել է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։ Համաժողովին մասնակցել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։
Համաժողովը համախմբել է տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաջնորդների։ Միջոցառման նպատակն է քննարկել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերները, տեղեկատվության հուսալիության և ապատեղեկատվության խնդիրները, ինչպես նաև նորարար, թափանցիկ, մասնակցային և հաշվետու կառավարման արդյունավետ մոդելները։
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԲԿԳ Ղեկավար կոմիտեի նիստին և պաշտոնապես ստանձնել ՀՀ Կառավարության անդամությունը կոմիտեում՝ դառնալով նախաձեռնության քաղաքականությունների մշակման մարմնի լիիրավ անդամ։ Այս նշանակալի քայլը վկայում է Հայաստանի Կառավարության շարունակական հանձնառության մասին՝ զարգացնելու բաց, ներառական և հաշվետու կառավարման մշակույթը, խթանելու քաղաքացիների մասնակցությունը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները։
ԲԿԳ Ղեկավար կոմիտեում Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցել գլոբալ քաղաքական երկխոսությանը բաց կառավարման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ փոխանակելով լավագույն փորձառությունները և ներկայացնելով Հայաստանի բարեփոխումների արդյունքները միջազգային հարթակներում։