Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։
Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով եւ կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։ Նախագահը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են եւ՛ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, եւ՛ պետության կենսագործունեության մնացած ոլորտների զարգացմանը:
Արայիկ Հարությունյանն ընգծել է, որ Արցախում բարձր են գնահատում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայումս իրականացվող առաքելությունը։ Դրա հետ մեկտեղ նախագահը կարեւորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգեւոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձեւավորված հարաբերությունները, ինչի արժեւորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը եւ մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։