Այսօր Politik.am-ը անդրադարձ էր կատարել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից տարիներ առաջ արված հայտարարությանը։ Նա, 2015 թվականին հանդիսանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հաղորդման ժամանակ խոսել է Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասին։ Հաղորդման ժամանակ Հարությունյանը մասնավորապես ասել էր․«Ես այս հարցով երկար տարիներ զբաղվել եմ, այդ թվում նաև Հելսինկյան ասոցացիայի շրջանակներում: Իմ կարծիքը երևի այն ժամանակվանից չի փոխվել, որ այո՝ մենք այստեղ լրջագույն խնդիրներ ունենք: Ես ինքս զբաղվել եմ Լեռնային Ղարաբաղում սպանված կամ որպես ինքնասպանություն ներկայացվող գործերի քննությանը 2006-2007 թվականների, ու այդ ժամանակվանից իմ կարծիքը համընկնում է այն կարծիքի հետ, որը ունի Հելսինկյան ասոցացիան, այն է, որ այստեղ շատ լուրջ հստակեցումների կարիք կա, և այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի այդ գործերի քննության հետ կապված, թե ինչ վիճակով են Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինվորները գտնվում Ղարաբաղում, այստեղ լրջագույն պրոբլեմներ կան՝ նույն հարցաքննությունների հետազոտության ժամանակ, կամ դատավարությունների ժամանակ, այնպես որ այստեղ հստակեցումների շատ լուրջ խնդիր կա: Դրա հետ համաձայն եմ, ու պրոբլեմը շատ մեծ է»:
Հիշեցնենք, որ «Հելսինկյան ասոցացիայի» ղեկավար Միքայել Դանիելյանը, 2011 թվականին ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության զեկույցը Արցախի բանակում առկա խնդիրների մասին, հայտարարել էր․«ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչը կարող է բերել բանակում առկա շատ խնդիրների լուծման»: Նշված կառույցը բազմաթիվ անգամներ խոսել է այս մասին և բարձրաձայնված խնդրի միակ լուծման տարբերակը համարել է ՀՀ քաղաքացիների՝ Արցախի բանակում չծառայելը։
Մեր հրապարակումից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Խժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Հայտնում եմ, որ այսօր Politik.am կայքում տեղադրված «Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում» վերտառությամբ հրապարակումը ‼️չի համապատասխանում իրականությանը‼️, ինչի մասին հավաստում է հենց հրապարակված տեսանյութը, որտեղ ԿԳ նախարարը նշում է, որ այս ոլորտում իրավական խնդիրներից խուսափելու նպատակով հստակեցումների կարիք կա։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաղորդման ընթացքում զրույցը իրավական խնդիրների ժամանակ զինվորների կարգավիճակի հետ կապված հարցերի մասին է, և քանի որ նախարարը զբաղվել է ժամանակին բանակային սպանությունների գործերով, այս հարցերում հստակեցման անհրաժեշտություն է տեսել:
Հետաքրքրական է, որ ժամանակին լայնորեն տարածված այս տեսանյութը որևէ նման մեկնաբանության չի արժանացել և լիովին ընկալվել է հասարակության կողմից, զարմանալի է, որ այն նման մեկնաբանության է արժանանում տեղադրումից միայն 4 տարի անց»։
ԿԳ նախարարի մամուլի խոսնակը ակնհայտ փաստերը կեղծում է։ Ինչպես նկատում եք ներկայացված տեսանյութում, Արայիկ Հարությունյանը ասում է՝ «Իմ կարծիքը համընկնում է այն կարծիքի հետ, որը ունի Հելսինկյան ասոցացիան», իսկ «Հելսինկյան ասոցացիան», գոնե այդ ժամանակահատվածում, հստակ հայտարարել է, որ իր կարծիքով՝ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախի բանակում, որպեսզի «վերջ դրվի առկա խնդիրներին»։
Հետաքրքիր է, թե ի՞նչն է հերքում նոր-նոր աշխատանքի անցած մամուլի խոսնակը, երբ մենք համադրել ենք բաց աղբյուրներում առկա փաստերը։



