Արարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրո...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով:

«Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդական կենտրոնը հանդիսանա համայնքի երիտասարդների համար նախընտրելի ենթակառուցվածք, մի միջավայր, որը կդառնա առօրյայի կազմակերպման ցանկալի վայր մեծ թվով երիտասարդների համար։ Այս համատեքստում կարևորում ենք ոչ միայն անհրաժեշտ բովանդակության ապահովումը, այլև հարմարավետ ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը, և այս առումով իրապես հաճելի է, որ հարակից տարածքների բարեկարգումը գտնվում է ՏԻՄ ուշադրության կենտրոնում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: 

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման աշխատանքներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, ինչպես նաև կարևորել է ներառականության ապահովման անհրաժեշտությունը:

Տեղում քննարկվել են ընթացիկ այլ խնդիրներ, հստակեցվել են շինաշխատանքների և գույքային ապահովման ավարտման ժամկետները: