Առանց այն էլ մատների վրա հաշված այգիները չեն...

Մայրաքաղաքի այգիների, պուրակների վարձավճարների չափի փոփոխության մասին վարձակալներին ծանուցում է ուղարկվել, սակայն 533 սուբյեկտ չի ստացել այն, ծանուցումները վերադարձվել են «չպահանջված» նշումով։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մարտի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին՝ նկատելով, որ այս վարձակալները, այնուամենայնիվ, կարողանում են լիցենզիաներ ստանալ վարչական շրջաններից ու գործունեություն ծավալել։

«Հետևապես խնդրում եմ՝ այս 533-ի ցանկով ամեն վարչական շրջանի ղեկավար ստուգի՝ այդ սրճարանն աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում, ձեզ լիցենզիայի համար դիմե՞լ է, թե՞ չի դիմել։ Լիցենզիայի կամ թույլտվության համար գալիս, ձեզ դիմում է, բայց նոր կադաստրային արժեքով վճարի համար ոնց որ թե անհասանելի են դառնում, այստեղ դիսոնանս է առաջանում, հետևապես այս 533-ի ցանկով էլի անցնենք»,- հանձնարարեց Ավինյանը։

Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ այգիներում նախկինում եղած կանաչապատ տարածքները փուլ-փուլ վերածվել են կառույցների, սրճարանների, հիմա, սակայն, հակառակ պրոցեսն է իրականացվում՝ լինի Օպերայի շրջակայքում, Օղակաձև այգում թե Մերգելյանի այգում։

«Բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակ ենք դրել կանաչ տարածքները վերականգնել ու բոլոր հնացած կառույցները քանդել, վստահաբար իրականացնելու ենք,- ասաց Ավինյանը և հավելեց,- Երևան քաղաքում առանց այն էլ մատների վրա հաշված այգիները չեն կարող տոտալ կառուցապատված մնալ, պետք է մաքրվեն, ինչպես արել ենք Մերգելյանում, ինչպես անում ենք Օղակաձև այգում, Օպերայի շրջակայքում:

Շատ էֆեկտիվ պետք է աշխատի այդ կառույցը, որպեսզի կարողանա այս նոր կադաստրային արժեքով համապատասխան վճարումները, տարեկան տուրքերը վճարել: Եթե չի կարողանալու, այդ պարտքերը կուտակելու իմաստը ո՞րն է այդ դեպքում: Ավելի լավ է վերադարձնել, և այդ հատվածում մենք կանաչ տարածքներ կվերականգնենք»: