Առանց Արցախի համաձայնության լուծարվել է ԵԱՀԿ...

Արցախն օկուպացված է Արցախի ժողովուրդը ենթարկվել էթնիկ զտումների ու ցեղասպանության ռազմական ագրեսիայի արդյունքում բռնի դուրս մղվելով հայրենի հողից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում, կազմակերպված լսումների ժամանակ նշեց Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի ՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը և այն դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար։

Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, առանց հակամարտության գլխավոր կողմի, Արցախի համաձայնության, լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայրենազրկվելով Արցախի ժողովուրդն ունեցել է մարդկային, նյութական, բարոյահոգեբանական ծանր կորուստներ։ Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է հետ վերցնել արդարադատության միջազգային ատյաններում հարուցված գործերը։

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է փոխել սահմանադրությունը և ընդունել 300 000 ադրբեջանցի փախստականներին։ Հայաստանը միջազգային հարաբերություններում այսօր չունի քաղաքական գործիքներ՝ կիրառելու համար ի շահ պետության։

Նոր աշխարհակարգի ձևավորման մրցակցությունը թևափոխել է կոշտ բախումների փուլ և ազդեցիկ պետությունները ցանկացած միջոց փորձում են օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար՝ անգամ խախտելով օրինականություն ու ձևավորված ավանդույթները։

Այդուհանդերձ վերադարձն այլընտրանք չունի։ Իհարկե առանձին անձին, խմբեր, կազմակերպություններ փորձում են հնարավորինս ծառայել այդ նպատակին։ Կարևոր է որ նման քայլեր կան, նման նախաձեռնություններ կան, սակայն ակնհայտ է նաև, որ նման բարդ իրավիճակում այդ տարանջատված ջանքերը բավարար չեն հաջողության համար։ Անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, աջակցել նրանց, լրացնել այլ կառույցներով, համակարգել աշխատանքը»,–ասաց Թորոսյանը։

Նա կոչ արեց չմոռանալ ցեղասպանության ճանաչման հետ կապված փորձը. «Փառք ու պատիվ նրանց, որոնք առանձին հաջողություններ են արձանագրել այս հարցում, բայց չպետք է մոռանալ, որ գլխավոր նպատակը իր է, ու թեև խնդիրները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ կարելի է օգտակար հետևություններ անել։

Նման բազմավեկտոր ու բարդ խնդիր լուծելու համար շատ կարևոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։ Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ ամուր կամք ունի և ստեղծված իրավիճակում պետք է դառնա իր դատի տերն ու առաջամարտիկը, իհարկե Հայաստանի ժողովրդի ու սփյուռքի ամուր աջակցությամբ։ Սակայն կարևոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Ինչպես հակամարտությունների կարգավորման գործընթացներում, այս դեպքում ևս մի շարք բաղադրիչների կողքին հատկապես կարևորվում են քաղաքականն ու իրավականը։

Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է, հետևաբար ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հաստատմանը համապատասխան այդ միջազգային ատյաններում։

Սրան զուգահեռ կարևոր է Արցախցի փախստականների անվտանգ վերադարձի ու հայրենի տարածքներում անվտանգ կենսագործունեության պայմանների ապահովումը միջազգային մանդատ ու համապատասխան լիազորություններ ունեցող խաղաղապահների տեղակայումը Արցախում և ժամանակավոր արտաքին կառավարման հաստատման։

Չափազանց կարևոր է, որ շարունակաբար արձանագրվի, որ փախստականների խնդիրն առաջացել է խաղաղ պայմաններում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքում ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների գործընթացի խափանման միջոցով»,–ասաց նա։