Առաջին դեպքն է, որ Բաքուն բոլոր գերիների անու...

Դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի իշխանությունները երկու հաղորդագրություն տարածեցին, մեկով անդրադարձ կատարվեց Ռուբեն Վարդանյանի մեղադրանքին, որի մասին խոսվեց, բայց ոչ պակաս կարևոր է մեկ այլ հաղորդագրություն, որով հերթական անգամ իմացանք, որ քրեական գործը, մնացած 15 հայ անձանց վերաբերյալ փոխանցվել է դատարան։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը:

«Վերջին ամիսներին, այս անձանց վերաբերյալ ինֆորմացիան սակավ էր, միայն իմանում էինք, որ խափանման միջոցներ են երկարացվել, բայց թե ինչ է տեղի ունենում քրեական գործը շրջանակներում, որևէ հրապարակային տեղեկատվություն չկար։

Սա առաջին անգամ էր, երբ որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր 15-ի, այսինքն բացի Ռուբեն Վարդանյանից, անունները նշելով, հաղորդագրություն տարածեցին՝ նշելով, որ 15-ի գործը միասին փոխանցվել է դատարան։ Ըստ էության, այդ 15-ի մեջ մտնում են բոլորը, բացի Ռուբեն Վարդանյանից:  Նրանց շարքում են նախկին նախագահները, պաշտպանության բանակի ներկայացուցիչները և այն անձինք, որոնք 2023 թվականի սեպտեմբերին են ընկել ադրբեջանական իշխանությունների ձեռքը, այդ թվում նաև մեկ քաղաքացիական անձ՝ Մադատ Բաբայանը:

Եթե 2023-ի հոկտեմբերին կարող էինք անհատականացված մեղադրանքներից հասկանալ, ում ինչ է ինչ մեղադրանք է առաջադրվել, հիմա ընդհանրական բնույթ է կրում, ավելին 1987 թվականից ի վեր սկսված դրվագներ են մեղսագրվում այդ անձանց»,-ասաց նա:

Աննա Մելիքյանի խոսքով, շուրջ 1500 դրվագով ինչ-որ մեղադրանքներ են առաջադրվել այդ անձանց. «Քրեական գործը փոխանցվել է դատարան, իրենց օրենսդրության համաձայն 15-30 օր ունեն, որպեսզի դատարանը նախնական ինչ-որ նիստ նշանակի ու սկսի գործընթացը:

Շատ կարևոր է այս դեպքում փաստել, որ 2020 թվականից ի վեր մենք արձանագրում ենք, փաստագրում ենք այդ թվում նաև կոնֆլիկտի համատեքստում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը, այդ թվում նաև դատավարությունները, ու միանշանակ է, որ արդար դատաքննության իրավունքի որևէ երաշխիք ըստ էության չի ապահովվում։ Նման իրավիճակ ստեղծվել էր նաև 2020-ին 44-օրյա համատեքստում ազատություն զրկված անձանց, զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք արդեն դատապարտվել են շատ երկարատև ազատազրկման:

Եթե ընդհանրացնենք, մեղադրանքները հիմնականում ահաբեկչությունն է, ագրեսիվ պատերազմ վարելը, պատերազմի կանոնները խախտելը, այսինքն պատերազմական հանցագործություններ, ապօրինի սահման հատելը, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելը, դա ֆինանսավորելը և այլն»,-ասաց նա:

Մելիքյանը հավելեց, որ հայրենադարձված գերիների հետ հարցազրույցները, ովքեր անցել են համանման փորձով,  փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրված անվճար փաստաբանները, հանրային պաշտպանները որևէ աջակցություն, փաստացի որևէ արդյունավետ պաշտպանություն չեն իրականացնում:

«Եթե անգամ հանդիպումներ լինում են, դրանք ձևական բնույթ են կրում:

Առաջին անգամ էր, երբ Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հրապարակային կոչով ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով համագործակցել: Մինչ այդ ըստ էության որևէ մեղադրյալ ու ամբաստանյալ հնարավորություն չուներ վկա հրավիրել, որևէ իր օգտին ապացույց հայթայթել, կրկին պարզապես շոուի է վերածվում դատավարությունը ու շատ կարճատև»:

Հիշեցնենք, որ Բաքուն նոր ծավալուն մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման: Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հացնելով 45-ի: