Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը այսօր առավոտից իր բողոքի ձայնն էր բարձրացրել՝ պահանջելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Անձնակազմը դեմ է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի՝ աշխատանքից հեռացմանը:
Որոշման իրավական կողմի և հնարավոր զարգացումների մասին Politik.am-ը լսել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքը:
«Մենք պետք է դիտարկենք օրենքը նաև իրավունքի և ոլորտի առանձնահատկությունների տեսանկյունից: Մենք գործ ունենք Օպերային թատրոնի պես առանձնահատուկ կառույցի հետ: Նման կոլեկտիվները ղեկավարելու համար պետք են բազմակողմանի հատկություններ: Կարծում եմ՝ պետք էր մի փոքր առանձնահատուկ մոտեցում ունենալ: Պետք էր նախ ներսից ուսումնասիրել, թե հատկապես ինչու է այս խնդիրը ծագել, որովհետև, ես որքան հիշում եմ, առաջին անգամ չէ, որ Օպերային թատրոնում ծագում է տարաձայնությունների ալիք: Օպերային թատրոնում մշտապես կոնֆլիկտներ եղել են տնօրենի ու գեղղեկի միջև։ Մասնավորապես, գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի, տնօրենի միջև, որովհետև գեղարվեստական ղեկավարի պահանջները և պատկերացումները այլ են լինում, տնօրենինը այլ են լինում: Օհան Դուրյան, Կարեն Դուրգարյան, Տիգրան Լևոնյան, Գեղամ Գրիգորյան. բոլորը հայտնվում էին հակամարտությունների կիզակետում, հետո, կամ գեղարվեստական ղեկավարն էր հեռանում, կամ՝ տնօրենը»։
Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հասկանալ, որ սա անձի խնդիր չէ, կոնֆլիկտներ են տեղի ունեցել, իսկ դրանք կառավարման համակարգից բխող թերությունների արդյունք են.«Խնդրի խորքային ուսումնասիրություն այս պահին կատարված չէ: Եթե խնդրի ուսումնասիրությունն ու ծագած խնդիրների ամբողջ փնջի վերջնական պատկերը չունենք, դժվար է ենթադրություն անել, թե ինչպես պետք է լուծվեր խնդիրը, և արդյո՞ք պետք է միակողմանի, օրենքի տառին համապատասխան լուծվեր, որովհետև օրենքի շրջանակներում լուծումը որոշ դեպքերում կարող է չաշխատել և անգամ խորացնել ճգնաժամը»:
Հարցին, եթե ի վերջո բողոքողների ձայնը արձագանք ստանա, և Մշակույթի նախարարի պաշտոնակատարը հրաժարական տա, ինչ պատկեր կունենանք, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանում է.«Դա կնշանակի, որ մենք չենք կարողանում գնալ համերաշխ բանակցությունների ճանապարհով, այլ գնում ենք հրաժարականների, այսինքն՝ մեր անկարողությունն ենք ցույց տալիս բանակցությունների նկատմամբ»:



