Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնա...

Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկները առողջապահության նախարարության ենթակայության տակ դնել, խորհրդարանում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Առողջապահության նախարարությունն այսօր ենթակայության տակ ունի որոշ բուժհիմնարկներ, մնացածը մասնավոր են: Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ այդ մասնավորների կառավարումն էլ անցնի առողջապահության նախարարությանը: Հավելյալ մարմին չի ստեղծվելու, հավելյալ հաստիքներ էլ չեն ստեղծվելու, ուղղակի կառավարումը ռազմական դրության ժամանակ մեկ կետից է լինելու, ինչը տրամաբանական է», - ասաց Զեյնալյանը՝ ասելով, որ իրենք առաջարկել են կառավարությանը սահմանել այն լիազորությունները, որոնք մասնավորից ռազմական դրության ժամանակ կփոխանցվեն նախարարությանը:

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք սա նշանակում է, որ պատերազմական դրության ժամանակ առողջապահության նախարարն է դառնալու ամբողջ մարտական գործողությունների ընդհանուր ղեկավարը ՝ կանոնակարգելով հիվանդանոցներում բուժօգնությունը:

«Հոսպիտալն առողջապահության նախարարի՞ն է ենթարկվում, թե՞ առողջապահության նախարարը հոսպիտալին, որովհետև մարտական գործուղությունների ժամանակ մարտական դրություն է լինելու և այդ բոլորը պիտի ղեկավարի բանակը», - ասաց Միքայելյանը:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը նշեց, որ ՊՆ ամբողջ գործառույթը՝ խրամատից սկսած մինչև հոսպիտալային օղակի տեսակավորումը, իրականացվելու է ՊՆ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալային օղակի միջոցով՝ ընդգծելով, որ ինչպես հստակ կարգավորումը եղել է, այդպես մնալու է: