Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ներկայացրած օրենսդրական նախագծով: Գործադիրը որոշեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող Պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների կահավորման նպատակով, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ապրիլից Շիրակի ու Լոռու մարզերում կգործարկվի Պարեկային ոստիկանության ծառայությունը: Մայրաքաղաքում այդ ծառայության աշխատանքը վարչապետը գնահատեց գոհացուցիչ:
«Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, իհարկե, այս գործընթացն առանց թերությունների չի անցնում», – ասաց Փաշինյանը:
Պարեկային ոստիկանություն կլինի նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում. հիմա ընդունելություն է. մեկ տեղի համար մի քանի հավակնորդ կա,- ավելացրեց վարչապետը: Նա նշեց, որ Պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը:
«Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու անցնում են աշխատանքի: Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է հավակնություն ցուցաբերել: Ես ուզում եմ կոչ անել, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին», – նշեց Փաշինյանը:
Նա ասաց, թե աշխատավարձը Պարեկային ոստիկանությունում բավական բարձր է՝ 350 հազարից սկսած:



