ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ....

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում. տեղեկություն, որ գաղտնի էր պահում բարձր դատարանը։

Իշխանության ներսում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ակնկալել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հենց առաջին փորձից կզբաղեցնի ՔՊ-ի նախընտրելի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, սակայն քվեարկության արդյունքները սառը ցնցուղ են եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածուների շուրջ երկարատև քննարկումներից հետո որոշվել է անցկացնել անակնկալ քվեարկություն։

Արդյունքում, ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է երեք դատավոր, և ինքը՝ Վարդանյանը, իսկ Էդգար Շաթիրյանը ստացել է առավել շատ՝ հինգ ձայն։

Իշխանական շրջանակների համար այս արդյունքն անակնկալ է եղել։ Բանն այն է, որ իշխանության վերնախավում, ըստ տեղեկությունների, համոզված են եղել, որ Սահմանադրական դատարան Վլադիմիր Վարդանյանի հայտնվելուց հետո նրա՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելը պարզապես ժամանակի հարց է։ Ենթադրվել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախընտրած թեկնածուն առանց լուրջ խոչընդոտների կստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, դատարանի ներսում իրավիճակն այլ ընթացք է ստացել, և դատավորներից մի քանիսը նախապատվությունը տվել են Էդգար Շաթիրյանին։ Այս հանգամանքը կասկածի տակ է դրել այն համոզմունքը, թե Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցն արդեն իսկ լուծված է։

Այժմ իշխանական շրջանակներում լարված սպասում են՝ հասկանալու, թե ինչ արձագանք կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից և ինչ զարգացումներ կհետևեն քվեարկությանը։ Ըստ մեր աղբյուրների՝ մինչև այս պահը հստակություն չկա՝ արդյոք վարչապետը կոնկրետ դիրքորոշում է հայտնել, թե ով պետք է ղեկավարի Սահմանադրական դատարանը կամ որտեղ ում մոտ է հայտնել այդ դիրքորոշումը։

Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը կարող է վերածվել իշխանության ներսում ազդեցության և պայմանավորվածությունների լուրջ փորձության։ Եթե ստեղծված իրավիճակը չփոխվի, Էդգար Շաթիրյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունները կարող են ավելի մեծանալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։