Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու սոցիալական նպաս...

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումն իրականացվելու է բացառապես անկանխիկ եղանակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրեցին անցումային գործընթացը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը հիշեցրել է, որ կենսաթոշակառուների մեծ մասի համար վճարումն այժմ էլ իրականացվում է անկանխիկ եղանակով։ Համակարգը ներդրվել է փուլ առ փուլ՝ սկսած 2021 թվականից. նախ՝ Երևան, Գյումրի, Վաղարշապատ քաղաքներում, երկրորդ փուլում՝ մյուս քաղաքներում, այնուհետև՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, ապա՝ 1000-ից պակաս բնակիչ ունեցողներում։ Համակարգից դուրս էին մնացել 75 տարեկանից բարձր կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր խանգարումներ ունեցող անձինք։ Ապրիլի 1-ից նաև նշված խմբերի անձինք կենսաթոշակներն ու նպաստները կստանան անկանխիկ։ Որոշումն ընդունվել է ընդհանուր քաղաքականության համատեքստում՝ նպատակ ունենալով ապահովել ավելի շատ անկանխիկ գործառնություններ, կենսաթոշակների աճ՝ անկանխիկ գնումների հաշվին (հետվճարների միջոցով), և արդյունքում՝ տնտեսության զարգացում։ Միևնույն ժամանակ, Անահիտ Գալստյանն ընդունել է լրացուցիչ իրավական կարգավորումների անհրաժեշտությունը։ 5 նախագիծ արդեն ներկայացված է, ևս 1 նախագիծ գտնվում է շրջանառության մեջ։

«Անհրաժեշտ է համագործակցություն բանկերի հետ։ Փորձում ենք համոզել կենսաթոշակառուներին և նպաստառուներին ընտրել բանկ։ Հերթերում չկանգնելու համար կարելի է հայտը ներկայացնել առցանց։ Այնուհետև անհրաժեշտ կլինի բանկի հետ կնքել քարտի սպասարկման պայմանագիր։ Եթե որևէ մեկը ինքնուրույն բանկ չընտրի, դա նրա փոխարեն կանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։ Եթե անձը որևէ վճարում արդեն ստանում է որոշակի բանկի միջոցով, ապա կենսաթոշակը կամ նպաստը նույնպես կձևակերպվեն այդ բանկով։ Եթե ոչ, ապա ընտրությունը կկատարի ծրագրային մոդուլը»,- հայտնել է Գալստյանը։

Ընդհանուր առմամբ, քաղաքացին ունի բանկ ընտրելու իրավունք, բացառություն է կազմում մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը՝ լիարժեք անկանխիկ տարբերակին անցնելու նախապատրաստական աշխատանքների փուլը։ Ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը տեղեկացրել է, որ իրազեկման աշխատանքների արդյունքում, անցյալ տարվա համեմատ, կենսաթոշակն ու նպաստը կանխիկ ստացող քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 50 հազարից հասնելով շուրջ 26 հազարի։ Եթե քաղաքացին օբյեկտիվ պատճառներով չի կարող անձամբ այցելել բանկ, քարտը և պայմանագիրը նրա տուն կհասցնեն առաքիչները կամ սոցիալական աշխատողները։ Նման քաղաքացիների թիվը մոտավորապես 10-15 հազար է։

Սակայն պարզվել է, որ մինչ օրս որոշված չեն ո՛չ ծրագրին մասնակցող բանկերը, ո՛չ էլ առաքման ծառայությունը (վերջինիս ընտրում են հենց բանկերը): Այժմ բանակցություններ են ընթանում բանկերի հետ, ճշտվում են քաղաքացիների հեռախոսահամարները։ Բացի այդ, պարզվել է, որ որոշ քաղաքացիներ չունեն վավեր փաստաթղթեր. նրանց թիվը մոտ 2500 է։ Եթե քաղաքացին ի վիճակի չէ այցելել անձնագրային բաժին, փաստաթղթերի ստացումը կկազմակերպվի ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ։ Նաև՝ քարտապանները կարող են ձևակերպել «ArCa» քարտեր, որպեսզի հետվճարը ավելի մեծ լինի։

Ըստ Անահիտ Գալստյանի՝ ներկայումս կենսաթոշակներ վճարում է 12 բանկ։ Էլեկտրոնային փոստի հասցե ունենալու պահանջը անփոփոխ է բոլորի համար, այդ թվում՝ տարեցների և տեխնոլոգիաներից չօգտվող կենսաթոշակառուների համար։ Այս հարցում նրանց կօգնեն սոցիալական աշխատողները, վստահեցնում է Աննա Բեգլարյանը։

Այն հարցին, թե հեռավոր փոքր բնակավայրերում կենսաթոշակառուների համար չափազանց դժվար կլինի քարտով վճարումներ կատարելը (որպես կանոն՝ նրանք գնումներ են անում փոքր կրպակներից կամ անհատներից, կամ էլ խնդրում են մեկ ուրիշին գնումներ կատարել, իսկ քարտի դեպքում դժվար կլինի վերահսկել ծախսված գումարը), Անահիտ Գալստյանը հայտարարել է, որ անկանխիկ համակարգի ներդրումը ժամանակին անհանգստություն էր առաջացրել նաև մայրաքաղաքի բնակիչների շրջանում, սակայն դա նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Ըստ նրա՝ լրացուցիչ 10 հազար դրամ ստանալու հեռանկարը կփարատի կենսաթոշակառուների այդ մտահոգությունը։

Ընդհանուր առմամբ, շուրջ 50 հազար կենսաթոշակառուների և նպաստառուների ընդգրկող համակարգի ներդրումից մեկուկես ամիս առաջ դեռևս ընտրված չեն բանկերը, չկա առաքման ծառայություն, ընդունված չեն իրավական կարգավորումները և չկան երաշխիքներ, որ կենսաթոշակառուները կկարողանան գումարն այնպես ծախսել, որ ստանան քեշբեքը։