
Հայկական կողմի գնահատականով Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա գործընթացին՝ Կոստանյանը վկայակոչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Տիրանայում տեղի ունեցած հանդիպումը:
«Մեր գնահատականով հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Մենք կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-նշեց Վահան Կոստանյանը:
Վերջինս կարևորեց այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները խաղաղության պայմանագրի և այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված առաջարկին՝ մանրամասնելով, որ այդ առումով Ադրբեջանից դեռևս վերջնական արձագանք չկա:
«Կարծում եմ, որ խաղաղության գործընթացի ընդհանուր քննարկումների համատեքստում այս թեման ևս պիտի լինի կողմերի միջև սպասվող հետագա քննարկումների օրակարգում»,-ասաց Կոստանյանը:
Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների հարցից՝ Կոստանյանը շեշտեց, որ ապօրինաբար պահվող հայերի խնդիրը մշտապես պահվում է Երևանի օրակարգում. այդ հարցը մշտապես քննարկվում է տեղի ունեցող տարբեր հանդիպումներում:
Նախարարի տեղակալը նաև ընդգծեց, որ որքան շուտ ստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն, այնքան արագ կողմերը կկարողանան կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցության և այդտեղ ապրող ժողովուրդների համակեցության հարցերի վրա:
Անդրադառնալով համաժողովի անցկացմանը՝ Վահան Կոստանյանը նշեց, որ այս տարվա հյուրերի քանակն անցած տարվա համեմատ զգալիորեն աճել է. միջազգային մասնակիցների թիվը կրկնապատկվել է:
«Մենք ունենք շուրջ 300 մասնակից՝ շուրջ 40 երկրից: Բացի այդ, մեծացել է նաև բարձրաստիճան մասնակիցների քանակը»,-նշեց Կոստանյանը՝ նկատելով, որ արդեն իսկ կարելի է ասել, որ միջոցառումը հաջողված է, քանի որ հնարավոր է եղել հարթակ ստեղծել ինչպես քննարկումների համար, այնպես էլ այլ բարձրաստիճան հյուրերի՝ միմյանց հանդիպելու համար: