Անվտանգության զգացումը չի վերադառնալու, մինչև...

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«1988-ի երկրաշարժից հետո Հայաստանում մի քանի փրկարար ջոկատներ էին ստեղծվել։ Ուսանողներից ու երիտասարդ մասնագետներից բաղկացած կամավորական խմբեր էին, որոնք տարիների ընթացքում բազմաթիվ մարզումներով և վարժանքներով անցնելով, համապտասխան հանդերձանք ու սարքավորում կուտակելով, բավականին բարձր պրոֆեսիոնալիզմի հասան։ Կար կամավորական փրկարարների ասոցիացիա, որը համակարգում էր այդ ջոկատների աշխատանքը, Երևանում կային ջոկատներ (օր.՝ «Սպիտակ», «Շանթ»), տարբեր ջոկատներ կային նաև Հայաստանի այլ մարզերում (օրինակ՝ Ստեփանավանի ջոկատը)։

1994–95 թվականներին արդեն հասունացել էր պահը, որ պետությունը պետք է փրկարար ծառայություն ստեղծել, ինչն էլ աստիճանաբար արվեց։ Մի խոսքով, գլուխներդ չտանեմ, բայց հաջորդաբար միավորելով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, փրկարար ծառայությունը, քաղպաշտպանության համակարգը արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ 2000-ականներին ստեղծվեց մեկ կազմակերպություն՝ ԱԻՆ։

Բնականաբար, 90-ականների սկզբի կամավորական-ուսանողական ջոկատների համեմատ ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը շատ ավելի հզոր կառույց էր՝ համապատասխան օրենսդրական հիմքով ու նույնիսկ գրվեց օրենք, որով կարգավորվում էր ԱԻՆ-ին աջակցող կամավորների հետ վարժանքների անցկացումը և անհրաժեշտ պահերին նրանց աշխատանքի ներդաշնակեցումը նախարարության հետ։

* * *
Գանք մեր օրեր... Պայթյուն Սուրմալու առևտրի կենտրոնում, որի հետևանքներն, իրականում, հանգիստ կարող էին վերացվել ԱԻՆ-ի ունեցած անձնակազմի ներուժով և տեխնիկայով։
Եւ այստեղ սկսվում է ամենատարօրինակը։
Սրտացավ մարդիկ՝ պայթյունի լուրն իմանալով, սկսում են զանգել ԱԻՆ, հարցնել, թե ինչով կարող են օգնել։ Այնտեղից պատասխանում են. «Եթե կարող եք, եկեք»։ Լուրը տարածվում է Ֆեյսբուքով, ինչից հետո լրագրողներ են զանգահարում ԱԻՆ և այնտեղից կրկին հաստատում են, որ կամավորների կարիք ունեն.

Կարդացե՛ք, օրինակ՝ «Ավրորանյուզի» այս նյութը.

Որպես մարդ, ով 1990–95 թվականները եղել է փրկարար ջոկատում, իսկ վերջին 12 տարին մասնագիտորեն զբաղվում է անվտանգության հարցերով, ինձ սա շատ է զարմացնում։
Նախ՝ չի կարող փողոցից եկած մարդը շատ արդյունավետ աշխատել աղետի վայրում, ավելին՝ կարող է ակամա իրեն կամ ուրիշներին վնասել, այդ թվում փլվածքի տակ եղած վիրավորներին։
Երկրորդը՝ կա օրենք, որը հստակ կարգավորում է կամավորների հետ աշխատանքը ու կան նաև պարբերաբար հատուկ պատրաստություն անցած կամավորներ։

Երրորդը՝ ԱԻՆ-ի, մասնագիտական պատրաստություն ստացած վերոնշյալ կամավորների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանության ու զինված ուժերի ռեսուրսները ավելի քան բավարար էին աղետի հետևանքներն օպերատիվ վերացնելու համար։ Ավելին՝ այս մասշտաբի աղետը նույնիսկ 1990-ականների սկզբների կամավորական կառույցների շատ համեստ ուժերով ու ոստիկանության աջակցությամբ էր հնարավոր հանգիստ լուծել։

Ըստ այդմ տրամաբանական հարց առաջացավ. արդյոք 4 տարում փրկարար ծառայությունը լրիվ կործանել են, ինչպես և այլ պետական ինստիտուտները, թե՞ այս խառնաշփոթն այլ նպատակով էր արվում։

Ինչ նկատի ունեմ «այլ նպատակ» ասելով։ Հանրային կապերի ոլորտում այսպիսի մի հնարք կա վատ վիճակների համար. երբ պետությունը ինչ-որ խայտառակ կիքս է տալիս, որի հետևանքով բազմաթիվ զոհեր ու ավերածություններ են լինում, իշխանությունները միշտ փորձում են հանրությանը հուզական մի խայծ նետել, որպեսզի իրական մեղավորների մասին մարդիկ հարցեր չտան։ Ես այդ հնարքն անվանում եմ «հերոսական ճիգեր» (heroic effort)։

Օրինակ՝ երբ սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները Նյու-Յորքում փլեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերը հազարավոր զոհերով, ԱՄՆ անվտանգային կառույցների այդ խայտառակ ու աղետալի մեգակիքսը առաջին շաբաթներին հաջողությամբ լղոզեցին հրշեջների ու ոստիկանների անձնազոհ ու հերոսական աշխատանքը գովազդելով։ Ամերիկյան հանրությունը խոսում էր իրենց հերոսություններից, իսկ նրանք, ովքեր տհաճ հարցեր էին տալիս աղետի պատասխանատուների մասին, միանգամից որակվում էին որպես «անսիրտ տականքներ»։
* * *
Վերադառնանք այսօրվա Երևան։
Օրեր անց պարզվում է, որ պայթյունից հետո եղել է հենց այն, ինչը պետք է լիներ, երբ անպատրաստ մարդկանց թողնում են վտանգավոր գոտի...

Նախ՝ ԱԻՆ-ի ներկայացուցիչը հայտնում է, որ «Սուրմալու»-ի պայթյունից հետո մեկ գիշերում 130 կամավոր է տուժել»։

Աղբյուրը՝ այստեղ

Երկրորդը՝ սկսում են մեղադրել կամավորներին, թե խանգարում էին, թե իրենց պատճառով աշխատանքը դանդաղել է, նույնիսկ մուննաթ են գալիս կամավորների վրա, թե բա առանց համապատասխան պաշտպանական հանդերձանքի են եկել (ինչպես դասականը կասեր. «Իյա, իրո՞ք»)։

Օրինակ՝ կարդացեք Նիկոլի ընտանեկան թերթից այս հարցազրույցը. 
Մի մեջբերում. «Եկածների 70 տոկոսն էլ չար երեխայի պես էր պահում իրեն»։
* * *
Նիկոլական ռեժիմի արդեն սովորական դարձած գործելաոճին համաձայն, սկզբում մարդկանց հույզերի վրա խաղալով նրանց անպատրաստ բերում են փորձանքի բերան, ստորագույն ձևով շահագործում, իսկ հետո սկսում մարդկանց վրա մուննաթ գալ։

(Նույնը, ինչպես հիշում եք, 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ. անպատրաստ մարդկանց տարան, գցեցին կրակի մեջ, հետո էլ մուննաթ էին գալիս, թե բա քաոս էր, դասալիք են, ֆլան են, ֆստան են)։
Որպես արդյունք. հանրային տիրույթում ոչ մի բառ չի խոսվում ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաների որոշումների որակի մասին, չի խոսվում պետական այն կառույցների պատասխանատվության մասին, որոնք պետք է հետևեին, որ Երևանի կենտրոնում պայթուցիկ նյութերի պահեստ չլիներ, չի խոսվում կոնկրետ մեղավորների մասին... Գրեթե ոչ մի բառ։

Ինչպես միշտ՝ մեղավոր հանեցին ժողովրդին, կամավորներին։

Զարմանո՞ւմ եմ։ Ոչ։ Որովհետև ես վաղուց արդեն համոզվել եմ, որ Նիկոլի ռեժիմը Հայաստանում մեր թշնամիների շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգ է։

Մեզ վերահսկելու և իրենց պատվիրատուների պահանջները կատարելու համար սրանք օգտագործում են ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ ոստիկանական մահակներից սկսած, խաբեությամբ և մանիպուլյացիաներով վերջացրած։

Անվտանգության զգացումը չի վերադառնալու, մինչև Հայաստանը չազատագրենք թշնամու կամակատարների լծից»։