ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ
Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։
Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։
Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։
Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։