Անորակ ասֆալտ, քանդված եզրաքարեր, ջարդուխուրդ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանն ավագանու այսօրվա նիստում, մատնանշելով կոնկրետ բազմաթիվ հասցեներ, անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող անորակ ասֆալտին, քանդված կամ ամբողջությամբ բացակայող եզրաքարերին, ջարդված և խցանված հեղեղատարներին և մի շարք այլ խնդիրների։

Արմեն Քոչարյանը նաև բարձրաձայնեց դեռ 4 ամիս առաջ Երևանի ավագանու նիստում իր մատնանշած խնդրին՝ կապված քաղաքացի Վալյա Սարգսյանի խնդրի հետ, ով 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից։ Ու թեև Տիգրան Ավինյանն անձամբ էր պատասխանել ավագանու անդամի հարցին՝ նշելով, որ որևէ տարածք կղզիացած չի կարող մնալ և ճանապարհը պետք է լինի, այդուհանդերձ հարցը մինչ օրս չի լուծվել։