Աննա Հակոբյանը շտապել է կատարել Անդրանիկ Քոչա...

Հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի առաջ իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին հարցրել են, թե ինչու՞ են մինչև հիմա տուգանային հրապարակում պահում մայիսի 30-ին Հանրապետության հրապարակից ցույցին մասնակցող քաղաքացիների մեքենաները, իսկ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մգեցված ապակիներով «Լեքսուսը» չեն տանում տուգանային հրապարակ, Վարդան Վարդանյանը պատասխանել է. «Ես անձամբ չեմ տեսել»։

Այս հայտարարությունից հետո էլ հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցից ակնհայտ է դառնում, որ Աննա Հակոբյանի մեքենան մգեցված ապակիներով է։ Հոկտեմբերի 22-ին ևս Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութերից մեկում ակնհայտ երևում է, որ իրեն սպասարկող մեքենայի բոլոր ապակիները մգեցված են։ Հետաքրքիր է, որ երբ մգեցված ապակիները արգելող օրենքն ընդունվեց, առաջին օրերին Աննա Հակոբյանին սպասարկող մեքենայի դիմացի կողային ապակիները ևս համապատասխանում էին պահանջներին, իսկ հետո մգեցվեցին։ Երևի Աննա Հակոբյանը համարել է, որ օրենքը պահելու ձևական մասն անցել է, ու հիմա կարող է հանգիստ շրջել մգեցված ապակիներով։

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանում ՆԳ փոխնախարարի հետ քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արեց հայտարարություն, որը, կարծես, հենց Աննա Հակոբյանի դեպքին է վերաբերվում․ «Պաշտոնապես ասում եմ՝ կողային ապակիների հարցով կան պաշտոնյաներ, որոնք  վերականգնել են մեքենաների կողային մգեցված ապակիները, դաժանորեն պատժե՛լ»,-ասել էր Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավորի այս հայտարարությունից օրեր անց,  հոկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ իրեն սպասարկող մեքենայի առջևի կողային ապակիների մգեցվածության թաղանթները հանված են։

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանի զգուշացումը տեղ է հասել ու Աննա Հակոբյանը շտապել է իրեն սպասարկող մեքենան համապատասխանեցնել օրենքի պահանջներին։ Ինչպես տեսնում ենք, ազդեցիկ է Անդրանիկ Քոչարյանի խոսքը և դրան արագորեն հետևում է նաև Փաշինյանի կինը։