ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ Մովսիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Մանկական երկաթուղու տարածքում գործող երաժշտական տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ:
«Ուրվականը» Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է, որն անցկացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ։ : Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։ Հենց այդ նպատակով, մինչ փառատոնի անցկացումը, մաքրվել է Երևանի Մանկական երկաթուղու տարածքը, տեղադրվել են բազմաթիվ աղբամաններ:
Փառատոնը մեկնարկել է մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները:



