«Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է...

Տպավորություն է ստեղծում, որ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանվելու է. այստեղ խնդիրներ են առաջանում։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ինչպես ասում են շատ իրավաբաններ, հռչակագիրը ծննդականի նման մի փաստաթուղթ է, եթե չկա այդ ծննդականի փաստաթուղթը, ապա անհրաժեշտ պետք է լինի ինչ-որ նոր ծնունդ կազմակերպել չորրորդ հանրապետության տեսքով կամ ծննդականը վերականգնել ինչ-որ ձևով։ Հենց այստեղ առաջանում են խնդիրներ, ենթադրենք, նոր ծնունդ է կազմակերպվում չորրորդ հանրապետության տեսքով, այդ դեպքում գնում ենք ՄԱԿ, որպեսզի վերցնենք շինթույլտվություն, պետականություն, պետություն կառուցելու համար։

ՄԱԿ-ն ասում է՝ գնացեք ձեր հարևաններիս համաձայնություն բերեք, տեսնեք ձեր հարևանները հո խնդիր չունե՞ն լույսի, ջրի, արևի հետ կապված։ Կգանք, Վրաստանը իր համաձայնությունը կտա, Իրանը իր համաձայնությունը կտա, Թուրքիան կասի՝ մի հատ հլը Ադրբեջանին հարցրեք, տեսեք ինչ են ասում, որ մենք կորոշենք։ Ադրբեջանն էլ կասի՝ նոր պետություն եք ստեղծում, դուք ոչ թե ձեր պատմական հայրենիքի վրա եք պետություն ստեղծում, այլ որ գտել եք ձեր հայրենիքը, մենք էլ ենք այդտեղ։ Դե եկեք այդ պետությունը միասին ստեղծենք, թե չէ համաձայնություն չենք տալիս։ Հետևաբար շատ կարևոր է հռչակագիրը պահպանելը»,–ասաց նա։

Աղազարյանը նկատեց, որ այստեղ նաև ուրիշ խնդիր կա. «Մեր հարևանները անհանգստություն ունեն, որ մենք տարածքային նկրտումներ ունենք իրենց նկատմամբ ըստ սահմանադրության, որտեղ հղում կա հռչակագրին։ Նախ դրանից հետո Հայաստանը անկխության հանրաքվե է արել այս տարածքում, որը վարչապետը անընդհատ բաժանում է բոլորին որպես հուշանվեր, Ղարաբաղն էլ անկախության հանրաքվե արել, ստեղծել է Արցախի Հանրապետություն, որը այսօր չկա։ Հետևաբար տարօրինակ է, որ աշխարհում կարող է գտնվել մի հոգի գոնե, ով մտածի, թե Հայաստանի Հանրապետությունը վտանգ է  Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համար։

Հետևաբար, միգուցե լուծումը գտնենք ուրի՞շ տեղ, միգուցե հռչակագրին հղումը մնա և մի կետ ավելացվի, որը կհաստատի, կհիմնավորի, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ»,–ասաց Աղազարյանը։