«ԱՆԻՖ-ի գծով մսխվել է 10 մլրդ դրամ». Երեւանի...

Պարոն Ավինյան, դուք արդեն մեկ տարի է՝ ֆորմալ առումով զբաղեցնում եք քաղաքապետի պաշտոնը. Որ ոլորտում դուք գործունեություն եք ծավալել, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«10 մլրդ դրամ մսխվել է  ԱՆԻՖ-ի  գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա, քովիդի հետ կապված կան քրեական գործեր, մեղադրյալ չկա: Քաղաքապետարանի հետ կապված էլ կան տարբեր քրեական գործեր, մեղադրյալներ չկան»,-ասաց նա:

Ավինյանն ընդհատեց ելույթը եւ ասաց. «Մի րոպե, հանգիստ, հանգիստ: Ուրեմն մենք ունենք ավագանու նիստից դուրս ֆորմատներ, որտեղ դուք կարող եք նմանատիպ ելույթով հանդես գալ եւ ասել այն, ինչ հիմա ուզում եք ասել: Բայց օրակարգի քննարկման ժամանակ օրակարգի հարցին վերաբերող պետք է լինի եւ հարցը, եւ ելույթը»:

Այս խոսքից հետո իրավիճակը մի փոքր լարվեց, տեղից հնչեցին ռեպլիկներ, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Հանգիստ, ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ իրար նկատմամբ հարգանքով: Հարգելի գործընկերներ, սա տգեղ է»:

Մանուկ Սուքիասյանը շարունակեց. «Ձեր մատնացույց արած ֆորմատները հարցուպատասխաններ են, իսկ քանի որ այս նիստին  մտքերի փոխանակումներ չկան, դրա համար հատուկ շեշտեցի, որ հարկադրված եմ խոսելայդ հարցերի վերաբերյալ այս ֆորմատով: Մնացած հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն դրսեւորումներին, հովանավորչություններին, եթե դուք դրանք դարձնեիք զեկուցվող, ես դրա շրջանակում կխոսեի:

Տպավորություն է, որ կամ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում, ուղղակի հենց այնպես  քրեական գործեր են հարուցում ու այդպես էլ մեղադրյալ չկա, կամ էլ իրականում հանցակազմը լավ էլ երեւում է, բայց փաստացի գործ ունենք գործերի անարդյունավետ շրունակելու հետ: Էլ չեմ խոսում քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգի հետ: Որ ուղղությամբ նայում ես՝ վրիպումներ, բացթողումներ:

Որ ուղղությամբ նայում ես՝ քաղաքի կառավարումը տապալված է և արտահերթ ընտրությունները այսօր առավել քան արդիական են»: