![Անգլիայում խաղահրապարակի տակ Երկրորդ համաշխար...](/imgs/posts/medium/2025/02/6cc8189.webp)
Անգլիայի հյուսիսում գտնվող մանկական խաղահրապարակի տակ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավելի քան 170 ռումբ, հայտնել են պաշտոնյաները: Սպասվում է, որ ավելի շատ ռումբեր կհայտնաբերվեն, հաղորդում է BBC News-ը:
Առաջին ռումբերը, որոնք դեռևս պայթուցիկ էին պարունակում, հունվարին հայտնաբերվել էին Նորթումբերլենդ նահանգի Վուլեր քաղաքի խաղահրապարակում:
Ընդհանուր առմամբ մինչ այժմ հայտնաբերվել է 176 ռումբ, ևւ փորձագետները մտավախություն ունեն, որ ավելին կհայտնաբերվի:
Մնակական խաղահրապարակը վերանորոգման փուլում էր, երբ աշխատակիցները փոսորակ փորելիս կասկածելի առարկա են հայտնաբերել:
«Տհաճ է մտածել, որ երեխաները խաղում էին ռումբերի վրա, և դա իսկապես բարդ իրավիճակ էր», - BBC-ին ասել է տեղական խորհրդի անդամ Մարկ Մազերը:
Վուլերի ծխական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Brimstone Site Investigations ընկերությունը վարձվել է խաղահրապարակը հետազոտելու համար, և որ արագ պարզ է դարձել, որ «խնդրի մասշտաբները սպասվածից անհամեմատ ավելի մեծ էին»:
Պաշտոնյաները հայտնել են, որ 65 ռումբ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 10 ֆունտ, հայտնաբերվել է 10 քառակուսի մետրից պակաս տարածքում: Նույն փոսից նաև ծխի պարկուճներ են հանվել։
Եվս 90 պրակտիկայի ռումբ հայտնաբերվել է մոտ 20 քառակուսի ոտնաչափ տարածքում։
Ենթադրվում է, որ այն տարածքը, որտեղ ի սկզբանե կառուցվել է խաղահրապարակը, օգտագործվել է որպես ուսումնական հրաձգարան, իսկ ռումբերը թաղվել են պատերազմի վերջին: