Նախորդ շաբաթ իր մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին թիրախավորեց բանակը։ Փաշինյանը հայտարարեց, թե նախկին իշխանությունները անմխիթար վիճակում են պահել բանակը ու գործերն այնքան վատ են եղել, որ անգամ Հայաստանի օդն է բաց եղել։
Հետաքրքիր է , որ Փաշինյանի այս մեղադրանքներին նույնիսկ մեկ շաբաթ անց, անգամ կես բառով չի պատասխանել Փաշինյանի իշխանության գալուց առաջ պաշտպանության նախարար եղած, Ազգ-բանակ կառուցող Վիգեն Սարգսյանը։ Փոխարենը նա ամիսների լռությունը խախտեց, երբ խոսք գնաց իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այսինքն այս մարդու համար իր անձը կարևոր է հայրենիքից։ Ու հենց սա է, որ ի ցույց է դնում նրա ու շատերի նախկինում հնչեցրած գաղափարների կեղծ լինելը։
Վիգեն Սարգսյանն ընդհանրապես նախկինում քարոզված գաղափարների կեղծ լինելու կենդանի վկան է։ Ինչպես կարող է Ազգ-բանակի գաղափարը կրող մարդը հեռանալ հայրենիքից, պաշտոնը կորցնելու անմիջապես հետո։ Այդ ինչ գաղափարախոսություն էր, որի կրողն էր Վիգեն Սարգսյանը միայն այն ժամանակ, երբ նախարարի պաշտոն էր զբաղեցնում, այդ ինչ նախարար էր Վիգեն Սարգսյանը, որ բանակին Փաշինյանի կողմից հասցված բազմաթիվ ծանր հարվածների դեմ խոսք չասաց։ Այդ ինչ հայրենասեր էր Վիգեն Սարգսյանը, որ անգամ աղետալի պատերազմը չստիպեց նրանց ԱՄՆ-ից վերադառնալ հայրենիք ու մի փուշ հանել տառապած հայրենիքի մատից։



