Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրանց ընդլայնման կարևորությունը հատկապես կրթության և գիտության ոլորտներում։

Նա առանձնացրել է թվային կրթության ուղղությամբ փորձի փոխանակման կարևորությունը և տեղեկացրել է՝ ՀՀ կրթական համակարգում առկա են տեխնոլոգիական կրթության նորարար ծրագրեր, որոնք հաջողությամբ արտահանվում են: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրման համատեքստում նախարարն անդրադարձել է «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, ինչպես նաև «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան այցի շրջանակում այցելել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին։ Նշվել է նաև, որ Ուրուգվայում ևս կգործի «Թումո» կենտրոն։ 

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Ուրուգվայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում է  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և համակարգմամբ: 

«Ceibal» կազմակերպության հիմնադիր Միգել Բրեչները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և ընդլայնելու փորձի փոխանակումը։ Նա ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ հիմնական առաքելություններից են նորարարության խթանումը և տեխնոլոգիական կրթության զարգացումը: Նա նաև տեղեկացրել է՝ «Ceibal» ծրագիրը (Conectividad Educativa de Informática Básica para el Aprendizaje en Línea) Ուրուգվայի պետական կրթական նախաձեռնություն է, որը արհեստական բանականության մի շարք տարածաշրջանային լաբորատորիաներ է հիմնել և տարատեսակ ծրագրեր է իրականացնում՝ այդ թվում մշակելով ԱԲ գործիքներ ուսուցիչների, աշակերտների և կրթության կառավարման համակարգի համար:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով արհեստական բանականության դերը կրթական գործընթացներում, նշել է՝ արհեստական բանականության խորացված կրթությունը և ԱԲ գրագիտությունը դարձել են ուսումնական պլանի բաղադրիչ: Նա տեղեկացրել է՝ ՀՀ մի շարք ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին իրականացվում է «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: