Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի

Մամուլն արդեն գրեց, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հեռացվեց պաշտոնից, քանի որ նրա դեմ էր դուրս եկել ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա իր մի քանի կողմնակիցների միջոցով սկսել էր ստորագրահավաք ՔՊ-ի ներսում և կարողացել էր 30 պատգամավորի ստորագրություն հավաքել։ Բանը չհասավ ստորագրությունների ուժով նրան հեռացնելուն, քանի որ Գրիգոր Մինասյանը որոշեց ինքնակամ տրվել Անդրանիկ Քոչարյանի կամքին։

Գրիգոր Միասյանի հեռացմամբ Անդրանիկ Քոչարյանն իր առաջ հիմա նոր խնդիր է դրել՝ իրենով անել Արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարի աթոռին իր թիմակից Արփի Դավոյանին նստեցնելով։

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Արփի Դավոյանի շանսերը բավական մեծ են, քանի որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ պատգամավորների միջոցով աշխատում է, որպեսզի Փաշինյանը գա նման որոշման։

Նույն աղբյուրների պնդմամբ, Անդրանիկ Քոչարյանն իր թեկնածուի քարոզչությամբ զբաղվող պատգամավորներին խոստացել է, որ լավության տակ չի մնա։

ՔՊ-ում արդեն կան խոսակցություններ, որ Արփի Դավոյանին նախարարի պաշտոնում նշանակելով, Ադրանիկ Քոչարյանը դառնալու է իշխող թիմի առանցքային դեմքերից մեկը ու եթե այս հանգամանքին էլ գումարենք այն, որ ՊՆ-ում բազմաթիվ պաշտոնյաներ իր պասով են նշանակվել,  Ռազմական ոստիկանության պետը իր մտերիմն ընկերն է, ՆԳ փոխնարար Արփինե Սարգսյանի հետ ունի ջերմագույն հարաբերություններ, ապա կարող է ստացվել այնպես, որ Անդրանիկ Քոչարյանը դառնում է նաև անփոխարինելի թիմի համար։