Հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի առաջ իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին հարցրել են, թե ինչու՞ են մինչև հիմա տուգանային հրապարակում պահում մայիսի 30-ին Հանրապետության հրապարակից ցույցին մասնակցող քաղաքացիների մեքենաները, իսկ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մգեցված ապակիներով «Լեքսուսը» չեն տանում տուգանային հրապարակ, Վարդան Վարդանյանը պատասխանել է. «Ես անձամբ չեմ տեսել»։
Այս հայտարարությունից հետո էլ հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցից ակնհայտ է դառնում, որ Աննա Հակոբյանի մեքենան մգեցված ապակիներով է։ Բառացիորեն օրեր առաջ Աննա Հակոբյանը հրապարակել է «Այցելել էի անհետ կորած զինծառայող Գեղամ Գրիգորյանի ծնողներին» վերտառությամբ տեսանյութ, որում ակնհայտ է, որ իրեն սպասարկող ամենագնացի բոլոր ապակիները մգեցված են։ Հետաքրքիր է, որ երբ օրենքն ընդունվեց, առաջին օրերին Աննա Հակոբյանին սպասարկող մեքենայի դիմացի կողային ապակիները ևս համապատասխանում էին պահանջներին, իսկ հետո մգեցվեցին։ Երևի Աննա Հակոբյանը համարել է, որ օրենքը պահելու ձևական մասն անցել է, ու հիմա կարող է հանգիստ շրջել մգեցված ապակիներով։
Երեկ խորհրդարանում ՆԳ փոխնախարարի հետ քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արեց հայտարարություն, որը, կարծես, հենց Աննա Հակոբյանի դեպքին է վերաբերվում․ «Պաշտոնապես ասում եմ՝ կողային ապակիների հարցով կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են մեքենաների կողային մգեցված ապակիները, դաժանորեն պատժե՛լ»,- ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին:
«Կողային ապակիների հարցը մի քանի օրում լուծվեց, չնայած հիմա նորից վերականգնում են, օրենսդրական ինչ-որ բաց են գտել, պաշտոնյաներ կան, որոնք վերականգնել և չեն պատժվել, և ես կուզեի, որ ոստիկանությունը հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար»,- ասաց նա:
Ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում «դաժանորեն պատժել» նաև Աննա Հակոբյանին, քանի որ, ինչպես արդեն նկատել էինք, նրա մեքենայի ապակիները ևս մգեցված են, չնայած այն հանգամանքին, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահին համապատասխանում էին դրա պահանջներին։
Հետաքրքիր է, թե ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը հիշել մգեցված ապակիների մասին օրենքը այն ժամանակ, երբ մամուլում ակտիվորեն քննարկվում է հենց Աննա Հակոբյանին սպասարկող մեքենայի հարցը։ Տպավորություն է, որ Անդրանիկ Քոչարյանը չի ներել Աննա Հակոբյանին՝ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության հարցում իրեն դեմ գնալու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն բան անում է, որպեսզի Արգիշտի Քյարամյանը պաշտոնանակ արվի, բայց այդ հարցը օրակարգից դուրս է եկել, քանի որ Աննա Հակոբյանն աջակցել է ՔԿ ղեկավարին։