ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքերի կոնտեքստն այնպես եմ ընկալել, որ այդտեղ վիրավորական որևէ արտահայտություն չկա, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցին գործընկերոջ հնչեցրած անվայելուչ արտահայտությանը։
«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Ըտեղ վիրավորական բան կա՞», - հարց ուղղեց նա։
Այսինքն՝ նորմա՞լ էր, որ Քոչարյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին ասել է ՝ «Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»։
«Նայած՝ ինչ կոնտեքստում ենք դուք ուզում ներկայացնել։ Եթե կոնտեքստից ինչ-որ բառ հանեք, կարա վիրավորական տեսք ունենա։ Անձամբ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը որևէ մեկին նման վիրավորանք հնչեցնի։ Մարդն ուզում է հասկանա՝ որտեղից Արփինե Հովհաննիսյանի ֆիանանսական միջոցները։ Որովհետև մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք իմանանք՝ էդ ֆիանանսական միջոցները որդուց ա էկել», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը 1in.am կայքի հետ հարցազրույցում անվայելուչ արտահայտություն է թույլ տվել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին, ինչը սոցցանցերում բուռն քննադատության է արժանացել։
Լրագրողը, հիշեցնելով, որ Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իր ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․
«Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։



