Անցյալ մեկ տարում, որտեղ փորձել են փոփոխությո...

Ամփոփելով կառավարության անցած մեկ տարվա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը հայտարարել է, որ այս ընթացքում կյանքը ոչ թե լավացել է, այլ վատացել:

«Անցյալ մեկ տարում, որտեղ փորձել են փոփոխություն անել, որ ավելի լավ լինի, ավելի վատ է եղել, ու պրոբլեմը կադրերի մեջ է: Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, որի արդյունքում տվյալ ոլորտում աշխատող մարդկանց կյանքը վատացել է, այսինքն՝ վարչապետի հարցը շատ լեգիտիմ հարց է՝ մենք արել ենք, որ ավելի լավ լինի՞, թե՞ ավելի վատը»,-հայտարարել է Մարուքյանը: Այս ամենի պատճառը Մարուքյանը համարում է կառավարության սխալ կադրային քաղաքականությունն ու հստակ տեսլականի բացակայությունը:

«Եթե լիներ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ տեսլական, հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան 5 անգամ ավելի արդյունք կտար: Մի տարի կառավարությունն աշխատել է, դեռ իրենք էլ չգիտեն՝ ինչ կառուցվածք են ուզում, մի տարի էլ չգիտեն հին մարզպետներին ազատե՞ն, թե՞ թողեն կուսակցականներն աշխատեն: Մի տարի է` խոսում ենք Հարկային օրենսգրքից, երեկ նոր ստացել ենք»:

Հարցին, թե արդյոք չե՞ն ափսոսում, որ չեն միացել հեղափոխությանը, որի արդյունքում նաև իրենք կարող էին կադրային բազան ապահովել, պատասխանել է.

«Այնպես չէ, որ մեզանից կադրեր չեն գնացել, եթե եղել է առաջարկ, ասել ենք, թող գնան աշխատեն: Ինչ վերաբերում է  ափսոսանքին, ապա որևէ ափսոսանք չունենք, եթե մենք ինչ-որ բան սխալ արած լինեինք, մենք այսօր չէինք լինի, և այն, ինչ եղել է, շատ լավ է եղել, ճիշտ է եղել, հիմա պետք է ոչ թե հետ նայենք, այլ առաջ նայենք և կապիտալիստացնենք, քննարկումների արդյունքում ժամանակը գնում է, ժողովուրդն էլ անհամբեր է: Մինչդեռ մարդիկ արձանագրում են, որ կյանքը վատանում է, կրճատումներ են լինում, մեթոդներ են փոխվում, ու կյանքը վատանում է»:

Մարուքյանը հավելել է, որ կան ոլորտներ, որտեղ կան առաջընթացներ, սակայն դրանք կարող էին ավելին լինել իր նշած իրավիճակի չլինելու դեպքում: