Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղա...

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը, ով երեկ դիտորդական առաքելություն է իրականացրել Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում, ընտրությունների հետ կապված մի քանի կարևոր արձանագրում է ներկայացնում.

«Եթե ընդդիմությունը չի միավորվում և ընտրություններից առաջ որոշում է առանձին-առանձին մասնակցել, ապա վարքագծային առաջնային կանոնը պետք է լինի «բացառապես իշխանության վրա կենտրոնանալու» սկզբունքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պետք է զերծ մնան միմյանց քննադատելու- քարկոծելու նախկին պրակտիկայից: Դա ծայրահեղ վնասակար է և ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին:

Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները:

Ճիշտ է՝ Գյումրիում չորս ընդդիմադիր ուժ կարողացավ հաղթահարել անցողիկ շեմ և հաղթել իշխանությանը, սակայն ևս երկու ընդգծված ընդդիմադիր ուժ հանձինս՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, միասին ունենալով 6.6 տոկոս ձայն՝ չկարողացան անցնել անցողիկ շեմը, ինչի արդյունքում ընդդիմադիր զանգվածի նվազագույնը այդքան ձայներ փոշիացան:

Կարծում եմ ապագա ընտրություններին ընդդիմությունը պետք է մասնակցի փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ:

Շատ կարևոր է ընտրության ամբողջ գործընթացի վրա հասարակական պատշաճ վերահսկողությունը, ի դեմ՝ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների արդյունավետ և փոխկապակցված աշխատանքի:

Երեկ Գյումրիում ցանկացած անաչառ դիտորդական առաքելության, դիտորդի և ԶԼՄ-ի անձնվեր աշխատանքը ՆՎԱԶԵՑՐԵՑ իշխանության հսկայական վարչական ռերուսի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։

Նախօրեին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների քվարկության նախնական արդյունքների համաձայն, ոչ պաշտոնական տվյալներով, անցողիկ շեմը 9 քաղաքական ուժից հաղթահարել է 5-ը։ Ստացած քվեներով, Գյումրիի ավագանու մանդատները, ոչ պաշտոնական տվյալներով, կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր», քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», քաղաքապետի թեկնածու Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ

Հիշեցնենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում  4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6%։