Անցկացվել է Անչափահասների արդարադատության խոր...

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։

ԱՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Լևոն Բալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն: Լևոն Բալյանն անդրադարձել է Բարնհաուս կենտրոնի մոդելին, առաջարկել կենտրոններում բժշկական ծառայության խնդիրները, իրականացվող քննչական գործողությունները դիտարկել, որպես քննարկումների օրակարգի առանցք:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանն ընդգծել է, որ դեռևս 2022 թվականից օրենսդրական կարգավորման է ենթարկվել հոգեբանների պարտադիր ներկայության ապահովման հարցը քննչական գործընթացների ընթացքում՝ արդարադատության հետ առնչվող անչափահասների հարցաքննության ժամանակ։ Հայկ Սանոյանը նշել է, որ հուլիսի 24-ին Բարնհաուս կենտրոն այցելության ժամանակ արձանագրվել է, որ սեռական հանցագործության ենթարկված անչափահասների վերաբերյալ քննչական գործողությունները պետք է իրականցվեն Բարնհաուսում, ինչպես նաև քննարկվել է դատաբժշկական փորձաքննությունը Բարնհաուսում կազմակերպելու անհրաժեշտության հարցը:

Խորհրդի նիստում նշվել է, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ում՝ Արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, 2024 թ․ հուլիսին ստեղծվել է Արդարադատության հետ առնչվող անչափահասների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի իրականացման և համակարգման բաժինը: Բաժնի նպատակն է մշակել վերականգնողական կենտրոնի հայեցակարգը, ենթաօրենսդրական ակտերը, այնուհետև հնարավոր կլինի հասկանալ, թե որ մարմնի ենթակայությամբ և ինչ կարգավորումներով կգործի վերականգնողական կենտրոնը:

Բարնհաուսը երեխաների համար «հարմար» տարածքում՝ «մեկ հարկի տակ» երեխաներին առաջարկվող բազմաթիվ ծառայությունների համալիր է, որի նպատակն է աջակցել երեխաների պաշտպանությանը, վերականգնմանը և արդարադատությանը՝ երեխաների համար նպաստավոր և ապահով միջավայրում։

Մոդելը Հայաստանում ներդրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՅՈւնԻՍԵՖ-ի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության համագործակցությամբ: Նախատեսվում է, որ մինչև 2024 թվականի ավարտը ՀՀ տարածքում կներդրվի ևս երկու Բարնհաուս: