Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ...
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:
 
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։
 
Այնուհետև, Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ:
 
Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները: Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
 
Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց հետաքրքրող հարցերին:
 
Բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի հետ:
 
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։
 
Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ: