ԱՄՆ Ցամաքային զորքերի հրամանատարությունն ընտրել է այն ընկերություններին, որոնք ընդհանուր առմամբ կստանան 2,2 միլիարդ դոլար՝ հինգ ամերիկյան ռազմական բազաներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ԱՄՆ Ցամաքային զորքերը ընդհանուր առմամբ հատկացնում են մինչև 2,2 միլիարդ դոլար՝ ռազմական օբյեկտներում միջուկային միկրոռեակտորների կառուցման և շահագործման համար։
Միջոցները կստանան Antares Nuclear, BWXT Advanced Technologies, General Atomics Electromagnetic Systems, Radiant Industries և Westinghouse Government Services ընկերությունները: Ռեակտորները կկառուցվեն Ջորջիա, Կենտուկի, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա և Տեխաս նահանգների ռազմական բազաներում:
Ինչպես ճշգրտվում է փաստաթղթում, ԱՄՆ Ցամաքային զորքերի հրամանատարության պլանների համաձայն՝ ամերիկյան ռազմական բազաներում կկառուցվի ավելի քան 20 փոքր մոդուլային ռեակտոր։ Ամերիկյան զինվորականներն ակնկալում են, որ դա թույլ կտա ապահովել այս օբյեկտների գործունեությունը նույնիսկ էլեկտրամատակարարման լայնածավալ անջատման դեպքում։



