ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը որոշում է կայացրել դադարեցնել Osprey կոնվերտոպլանների թռիչքները անվտանգային նկատառումներով։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
«Ծովային հետեւակի կորպուսը որոշում է կայացրել ոչ պարտադիր թռիչքների 96-ժամյա դադար մտցնել։ Դա մեզ ժամանակ կտա, որպեսզի որոշենք, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ միջոցներ անվտանգության ապահովման համար»,- գործակալությունը մեջբերել է Միացյալ Նահանգների ԶՈւ հրամանատարության ներկայացուցչի խոսքերը։
Նշվել է, որ ԱՄՆ-ը տեղեկացրել է իր որոշման մասին նաեւ Ճապոնիային, որտեղ այդ կոնվերտոպլանների թռիչքները անհանգստություն են առաջացնում հասարակության շրջանում հաճախակի միջադեպերի պատճառով։ Այսպես, 2023թ. նոյեմբերին Ճապոնիայի հարավում ծովն է ընկել ԱՄՆ ծովային հետեւակի կոնվերտոպլանը, ինչի հետեւանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր ութ անձինք։ Ամերիկյան այս մեքենաների հետ կապված վթարները տեղի են ունեցել Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Մարոկկոյի տարածքներում, Պարսից ծոցի գոտում։
Associated Press-ի տվյալներով՝ դադարեցման մասին որոշումը կապված է վտանգավոր միջադեպի հետ, որի հետեւանքով նոյեմբերի 20-ին Նյու Մեքսիկոյի Քենոն բազայում կործանվելուց հազիվ փրկվել է կոնվերտոպլանը։