ԱՄՆ-ը իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռ...

ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից։

Գերատեսչության կայքում ասված է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է չմեկնեն այդ հանրապետություն, իսկ արդեն այնտեղ գտնվողները «պետք է անհապաղ հեռանան երկրից»։

Պատճառների շարքում նշվում են Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, բռնվելու վտանգը, քաղաքացիական անկարգությունների հնարավորությունները եւ ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու դեսպանության սահմանափակ հնարավորությունները։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է կանոնավորապես վերանայեն մեկնելու հնարավոր պլանները արտակարգ իրավիճակի դեպքում։ Սահմանային անցումները հարեւան պետությունների հետ երբեմն փակվում են առանց նախնական ծանուցման։ Հնարավոր են դիվանագիտական անցագրերի չեղարկումներ Լիտվայի, Լեհաստանի, Լատվիայի եւ Ուկրաինայի հետ սահմանին»,- նշվել է պետդեպարտամենտի ծանուցման մեջ։

Մինսկում ԱՄՆ դեսպանության աշխատանքը դադարեցվել է 2022թ. փետրվարի 28-ին։ Պետդեպարտամենտի կարգադրությամբ տարհանվել են նրա աշխատակիցները, դադարեցվել է ծառայությունների տրամադրումը։ Օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվում է դիմել հարեւան երկրներում ԱՄՆ դեսպանություններին եւ հյուպատոսություններին։