ԱՄՆ-ը հայտնել է համաշխարհային ֆինանսական համա...

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին դիտարկում է Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական համակարգից ամբողջությամբ մեկուսացնելու տարբերակը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով, այս քայլը ազդեցություն կունենա Ռուսաստանի բիզնեսի և բնակչության, ինչպես նաև՝ երկրի բնակիչների աշխատանքի, ճանապարհորդության և առևտրի հնարավորությունների վրա: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվային ագրեսիայից զերծ պահելու համար Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները։ Միաժամանակ Նուլանդը հավելել է, որ աննախադեպ պատժամիջոցներ կարող են կիրառվել փուլ առ փուլ։ «Առաջին օրը, հինգերորդ, տասներորդ», – բացատրել է նա:

Ավելի վաղ առցանց բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տնտեսական և այլ միջոցների մասին՝ Ուկրաինայում ռազմական էսկալացիայի դեպքում։ Ըստ ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարության՝ Բայդենը Պուտինին հայտնել է նաև ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական ուժերի կուտակման կապակցությամբ։