
ԱՄՆ եւ Չինաստանի պատվիրակությունները հունիսի 10-ին կշարունակեն առեւտրային բանակցությունները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ քննարկումները հունիսի 9-ին տեւել են ավելի քան վեց ժամ եւ կվերսկսվեն հունիսի 10-ին, տեղի ժամանակով ժամը 10:00-ին: Ինչպես նշել է Bloomberg-ը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հունիսի 9-ի հանդիպումը որակել է «լավ», իսկ առեւտրի նախարար Հովարդ Լատնիկը նշել է, որ քննարկումները «արդյունավետ» էին։ Բեսենթից եւ Լատնիկից բացի, ամերիկյան պատվիրակության կազմում է նաեւ ԱՄՆ առեւտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը: Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը: Գործակալությունը հայտնել է, որ բանակցությունների առաջին օրվանից հետո նա մամուլի հետ չի խոսել: Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է Ժնեւում մայիսի 10-11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո: Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ Պեկինը եւ Վաշինգտոնը համաձայնել են մասնակիորեն կրճատել փոխադարձ մաքսատուրքերը, որոնց չափը մայիսին գերազանցել էր 100 տոկոսը: