
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Ռուբիոն այս մասին նշել է երեքշաբթի մի խումբ եվրոպացի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցում՝ Սաուդյան Արաբիայում ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունների հանդիպումից հետո։ Ինչպես գրել է գործակալությունը, դա կարող է «որոշ թեթեւացում բերել եվրոպացի դաշնակիցներին»։ «Պատժամիջոցներից շատերը [Ռուսաստանի դեմ] մտցվել են եվրոպական դաշնակիցների հետ համակարգմամբ: Սահմանափակումները ժամանակից շուտ հանելու ԱՄՆ որոշումը լուրջ հարված կհասցնի Պուտինին իր ռազմական մեքենայի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարից զրկելու Եվրոպայի ջանքերին»,- գրել է գործակալությունը։ Պետդեպարտամենտում հրաժարվել են մեկնաբանել պատժամիջոցների մասին Ռուբիոյի մեկնաբանությունները, նշել է Bloomberg-ը։